<< Վերադարձ նախորդ էջ


Մարդու իրավունքների և ընտանեկան բռնությունների մասին

Հայաստան 2.0: Երիտասարդական սոցիալական ֆորում:
(Խմբագրված է, հարց ու պատասխանի բաժինը` կրճատվաց:)


Edward Manukyan at Gladzor University

Հարգելի բարեկամներ, սիրելի հայրենակիցներ, համակրելի ուսանողուհիներ, ուսանողներ... Ինչպես Լիլիթը նշեց, ես մասնագիտությամբ կոմպոզիտոր եմ և իմ ոլորտից դուրս ունեմ մի շարք հետաքրքրություններ հոգեբանության, քաղաքականության և հասարակական շարժումների վերաբերյալ: Ինձ այսօր հրավիրել են այսեղ, որպեսզի խոսեմ մարդու իրավունքների մասին, և ես կցանկանայի խոսքս կառուցել այս պատրաստի ընձեռնված կոնտեքստի շուրջ:

Երբ դուք քիչ առաջ քննարկում էիք այն դժբախտ կնոջ իրավիճակը, ում հարբեցող ամուսինը հինգ տարի շարունակաբար ծեծել էր իրեն և իրենց անչափահաս երեխային, ես ուշադիր լսում էի ձեզ և ձեր առաջադրած կարծիքներն ուղղված խնդրի կարգավորմանը: Ձեր առաջարկությունները բազմազան էին, սակայն բոլորն ըստ էության ունեին նույն նախապայմանը: Այն, որ այդ կինն ամեն գնով պարտավոր է պահպանել ընտանիքը: Այս սենտիմենտի մեջ ինձ համար ցցնող բացահայտություն կա, և հիմա այն միասին կքննարկենք:

Ուրեմն, խոսքը գնում էր մի հարաբերության մասին, որտեղ մեկը շարունակաբար ծեծում ու բռնանում է մյուսին` պահելով նրան սպառնալիքների ու անելանելիության վախի մեջ, և դուք` մի խումբ բարեկիրթ երիտասարդներ զինված մեծ աշխարհաճանաչողությամբ ու գիտելիքներով, հանկարծ որոշեցիք այդպիսի սարսափելի անմարդկային հարաբերությանն անվանել ընտանիք: Ասացեք խնդրեմ, ձեզանից ու՞մ մտքով անցավ ընտանիք բառը, երբ լսում էիք այդ սահմռկեցուցիչ պատմության մասին: Ես միշտ կարծել եմ, որ ընտանիքը մի այնպիսի միություն է, որտեղ պետք է լինի սեր և անդոր, ու որտեղ կոնֆլիկտները, որքան էլ որ հաճախակի լինեն ու սուր, երբեք չեն վերածվում մշտական ու կանխատեսելի բռնության:

Ձեզանից ոմանք ասացին, որ քանի դեռ կինը մնում է այդ տանը, ուրեմն հենց իր համար էլ նախընտրելի է այդ այսպես կոչված ընտանիքի փրկությունը և դեռ հույսեր կան, որ ամեն ինչ կփոխվի: Եթե դուք այդ կարծիքին եք, դուք ուղղակի չեք հասկանում բռնությունների պատրաստ մոլագարի հոգեբանությունը: Պարզապես անհնար է այս մարդկանց հետ նստել ու բացատրել իրենց, թե որքան տառապանքներ ես դու կրում նրանց խմիչքի կախվածության ու ընտանիքում պատերազմներ անելու պաճառով: Իրենց համար նույնիսկ այդպիսի զրույցը ինքնասիրության նկատմամբ ապտակ է: Այո, որքան էլ, որ զարմանալի է, պարզվում է նրանք ինքնասիրություն էլ ունեն: Որպեսզի լավ հասկանաք նրանց հոգեբանությունը, պատկերացրեք, որ դուք սիրում եք երեկոյան հովին նստել բաց պատշգամբում և գիրք կարդալ: Դա ձեզ համար շատ հաճելի զբաղմունք է և դուք լիցքաթափվում ու մեծ վայելք եք ապրում դրանից Եվ հիմա մեկը ձեզ փորձում է համոզել, որ դուք այդ սովորությունը պիտի դադարեցնեք, դա իրեն դուր չի գալիս: Բնական է, որ սա ձեզ պիտի զայրացնի: Չէ՞ որ դուք շատ մեծ բավականություն եք ստանում ձեր զբաղմունքից: Ահա, ճիշտ այդպես էլ հարբեցողն է մեկնաբանում իր սիրելի զբաղմունքի դեմ ցանկացաց միջամտություն: Այս մարդկանց համար հարազատներին ցավ պատճառելը ոչ այլ ինչ է, քան առօրյա ժամանց և իրենց մեծ, ամենակարող զգալու միջոց: Նրանց փոխելն անհնար է, և ցանկացած փորձ էլ ավելի վստահություն կներշնչի ձեր հանդուրժողականության հանդեպ` անխուսափելիորեն արագացնելով բռնությունների ցիկլը:

Եվ, անկախ ամեն ինչից, եկեք չմոռանանք, որ ծեծ կոչված երևույթը լուրջ հանցագործություն է Շատ ավելի լուրջ, երբ այն շարունակական բնույթ ունի: Եթե որևե մեկը առևանգի մեզանից մեկին, կապի մի սենյակի մեջ և հինգ տարի շարունակ ենթարկի հալածանքների, դուք բոլորդ այն կհամարեք աներևակայելի ծանր հանցագորցություն: Իսկ այն որ խոսքը մի երեխամոր մասին է, ով ծանր սպառնալիքների տակ, որոշում է փախուստի չդիմել, հանկարծ ստիպում է ձեզ գրեթե նույն երևույթի մեջ տեսնել հանդուրժելի իրավիճակ: Այդ թշվառ կնոջ ճարահատությունը կամ ինքնակամ հնազանդությունը ոչնչով չի կարող արդարացնել այն մշտական դաժանության խաղը, որ նրան բաժին է ընկել իբրև կյանք: Օրինակ, ես և դուք հիմա կարող ենք համաձայնագիր ստորագրել, ըստ որի երբ ես իմ ձայնը բարձրացնեմ ձեզ վրա, դուք կարող եք ինձ անմիջապես գնդակահարել: Բայց ձեր այդպիսի արարքը կլինի նույնքան մեխսունակ և անբարոյական որքան, որ այն կլիներ առանց համաձայնագրի և իմ թույլտվության: Այն որ ստրուկը չի փորձում փախչել իր մղձավանջից, չի նշանակում, որ նրան հալածողը անմեղ է:

Քմահաճ բռնությունների պատրաստ մարդկանց հարցը շատ անգամներ է ծանրացել մարդկության գլխին: Դարեր շարունակ, մշտական պրպտումներից ու ձախողումներից հետո, վերջապես ստեղծեցին համաշխարհային մարդու իրավունքներ, որոնց մեծ մասն էլ հենց նպատակ ունի մարդկանց ազատել ֆիզիկական բռնությունից: Սրանք անիրական, օդային գրվածքներ չեն: Ապրելու իրավունք, ստրուկ չլինելու իրավունք, ֆիզիկական խոշտանգումներից զերծ մնալու իրավունք... Ազատ խոսքի, ազատ մտքի իրավունք... Քո երկիրը ազատ լքելու, քո երկիր վերադառնալու, օրենքների առաջ հավասարության իրավունք... Այս իրավունքների խախտումներն են հենց պատճառ դառնում անթիվ մարդկային տառապանքների համար` թե ընտանիքներում, թե աշխատավայրերում, և թե քաղաքացիական կյանքում: Եվ այդ իրավունքների մասին արհամարական վերաբերմունքը մեր երկրում հասարակության մեջ տարածված ամենաքայքայիչ սովորություններից մեկն է: Միացյալ ազգերի կազմակերպության 48-թվականի մարդու իրավունքների մասին հռչակագրում նշված է, որ մարդու իրավունքների նկատմամբ քամահրանքն ու արհամարհանքը հանգեցրել են մարդկության խիղճը վրդովող բարբարոսական գործողությունների և իբրև մարդկության վեհ նպատակ է հռչակված այնպիսի աշխարհի ստեղծումը, որտեղ մարդիկ կվայելեն խոսքի ու համոզմունքների ազատություն և զերծ կլինեն վախից ու կարիքից: Հավատացնում եմ ձեզ, որ այս իրավունքների անգամ իսկ ճանաչումը մեծ ձեռքբերում կլինի ձեզանից յուրաքանչյուրի ինքնազարգացման համար` օժտելով ձեզ իրավիճակը ճիշտ հասկանալու և հեշտ կողմնորոշվելու գիտելիքներ:

Եթե մեր երկրում մարդու իրավունքները ճանաչվեին ու հարգվեին, այսօր այս խնդրի լուծման շուրջ տարակարծություն չէր կարող լինել մանավանդ ձեզ նման խելացի ու զարգացած երիտասարդության մեջ: Մարդու իրավունքների մասին նույնիսկ ամենատարրական գիտելիքները մեզ թույլ չեն տալիս այսպիսի իրավիճակը դիտել որպես ամուսնական կոնֆլիտ, որը պիտի հարթվի: Ամուսինը հանցագործ է, պետք է ձերբակալվի. կինն ունի օգնության կարիք, քանի որ ապրուստի միջոց հայթհայթելու և երեխային մեծացնելու խնդիր կա: Այսքանը: Դժվար է. հեշտ չի լինի կնոջ համար, բայց անկասկած շատ ավելի հեշտ քան այն մշտնջենական տառապանքը, որ պիտի իշխեր երկու անմեղ մարդկանց կյանքում:

Մեծ գիտնական Ջեյմս Ուոթսոնը, ով Նոբելյան մրցանակ է ստացել ԴՆԹ-ի հայտնաբերման համար, ասում է որ ագրեսիան և բռնության նկատմամբ հակվածությունը մարդկության միջից դանդաղ վերանում են: Բարձր հասարակությունները պարզապես չեն հանդուրժում այդպիսիններին և նրանք կամաց-կամաց կորցնում են իրենց չարագուշակ գեները: Թող խոսքերս քամին քշի տանի. բայց եթե մի օր ինքներդ հայտնվեք այդ կնոջ իրավիճակում, հույս ունեմ ձեր երջանկությունը չեք զոհաբերի որևե սրիկայի մոլագար հաճույքների համար: Թողեք այդ մարդկանց հասարակության լուսանցքներում: Նրանք դանդաղ վերանում են: Ապրեք ձեր կյանքն արժանապատիվ ու վայելեք ամեն մի րոպեն խաղաղության ու անխափան երջանկության մեջ:

Էդվարդ Մանուկյան,
Երևան, Գլաձոր համալսարան, 30 Մայիս, 2014

<< Վերադարձ նախորդ էջ




2005-2014 Էդվարդ Մանուկյան: Կայքի բովանդակությունը գտնվում է լիցենզիայի տակ:
Դիզայն՝ webmaster